Տարածաշրջանային կայունություն և կանխատեսելի գործընկերներ. Մերկելի այցը Հարավային Կովկաս ավարտվեց  

Armenpress 19:45, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 25-ին ավարտվեց ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եռօրյա այցը Հարավային Կովկաս։ Կանցլերի այցը տարածաշրջան պետք է դիտարկել ԱլԳ տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի ունեցած հետաքրքրությունների շրջանակներում` պայմանավորված առավել կանխատեսելի գործընկերներ ունենալու անհրաժեշտությամբ:

Իսկ ինչո՞վ կարևորվեց Մերկելի այցը տարածաշրջանի առանձին երկրների համար:

 

Վրաստան

Մերկելի տարածաշրջանային այցի առաջին կանգառը Վրաստանում էր, երկիր, որը ԵՄ ասոցացված անդամ է և հստակորեն ընթանում է դեպի ԵՄ ինտեգրում: Այս առումով բավական ուշագրավ է Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին չի կարող հապճեպ տեղի ունենալ, Գերմանիան կաջակցի այդ գործընթացին, բայց չի կարող արագացնել այն։ Հարցի վերաբերյալ Գերմանիայի նման զգուշավորությունն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ, այս փուլում ԵՄ և ՆԱՏՕ ընդլայնման գործընթացը բավական դանդաղ է ընթանում: Երկրորդ, Վրաստանում մի շարք ոլորտնելում, այդ թվում` միգրացիոն քաղաքականությունում, բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության կա: Պատահական չէ, որ երկկողմ օրակարգի առանցքային հարցերից մեկն էլ վրաց փախստականների խնդիրն էր:

Նշենք նաև, որ այցի շրջանակներում ձեռք բերվեց պայմանավորվածություն` Վրաստանին տրամադրել 199 մլն․ եվրո ֆինանսավորում՝ գազի պահեստավորման օբյեկտի և դրան հարակից այլ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար, ինչը վկայում է էներգետիկ ոլորտում Գերմանիայի ունեցած հետաքրքրության մասին։

 

Հայաստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան առավելապես կարևորվեց երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համատեղ օրակարգն առավել հստակեցնելու տեսանկյունից: Հայաստանը Գերմանիայի հետ ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, սակայն երկկողմ փոխգործակցությունում առկա ներուժը դեռևս ոչ լիարժեք է իրացված: Այս մասին է վկայում Մերկելի կողմից արված շեշտադրումն առ այն, որ հայ-գերմանական բազմաոլորտ համագործակցության լայն հնարավորություններ կան, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ ձեռնարկել։ Սա խոսում է համագործակցությունը խորացնելու գերմանական կողմի պատրաստակամության մասին: Այս տեսանկյունից Մերկելի հրավերը Փաշինյանին Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված կարևոր և դրական ազդակ էր:

Մերկելի այցը Հայաստան, թերևս, երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նոր հնարավորություններ է բացում` հաշվի առնելով այդ թվում` ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի առկայությունը:   Պատահական չէ, որ կանցլերն ինքը կարևորեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումը` նշելով, որ Գերմանիան իր աջակցությունը կցուցաբերի դրա կիրարկման գործում: Մերկելի կողմից նման հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ առնվազն մոտ ապագայում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի նաև Բունդեսթագի կողմից` նպաստելով համաձայնագրի հնարավորինս արագ ուժի մեջ մտնելուն:

 

Ադրբեջան

Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Մերկելի համար ամենախնդրահարույց կանգառը, թերևս, Ադրբեջանն էր: Սա պայմանավորված է ոչ միայն Մերկելի պատվիրակության անդամ Ալբերտ Վայլերի շուրջ տեղի ունեցած զարգացումներով (Ադրբեջանը վերջինիս մերժեց տրամադրել մուտքի արտոնագիր Արցախ այցելելու պատճառով), այլ նաև երկկողմ օրակարգում ներառված հարցերով, այդ թվում` Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով ու մարդու իրավունքների վիճակով: Պատահական չէ, որ Մերկելն Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ են եկել ընդհանուր հայտարարի` մասնավորապես մատնանշելով ուժեղ, բաց և աշխարհիկ հասարակություն ունենալու կարևորությունը:

Մերկելը կարևորել է Ադրբեջանի դերակատարումը ԵՄ էներգետիկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, այս հարցում Ադրբեջանը դեռևս Ռուսաստանին չի կարող լինել մրցակից:

Երկկողմ քննարկման օրակարգում էր նաև Ղարաբաղյան հակամարտության թեման, որի կապակցությամբ կանցլերը, ինչպես և Հայաստանում,  վերահաստատել է, որ Գերմանիան պատրաստակամ է օգնել խնդրի առնչությամբ խաղաղ լուծումներ գտնելուն` միաժամանակ շեշտելով, որ ՀՀ-ում ձևավորված նոր կառավարությունը կարող է նպաստել այս հարցում առաջընթաց գրանցելուն։

 

Այսպիսով, Հարավային Կովկասի երեք երկրների հետ առանձին օրակարգերը հստակեցնելուց զատ` Մերկելը կարևորեց Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը բավական կարևոր է ԵՄ համար տարածաշրջանում ունեցած շահերն առաջ մղելու տեսանկյունից:

 

Իզաբել Շատոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am