Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելն Անգելա Մերկելի համար իրավաբանական խնդիր չէ

Armenpress 20:28, 24 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում անդրադարձել է օգոստոսի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությանը:

 «Ես Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի ոգով եղել եմ Ծիծեռնակաբերդում, որտեղ իմ հարգանքի տուրքն եմ մատուցել։ Դա ինձ համար իրավաբանական խնդիր չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ շեշտեց Անգելա Մերկելը։

Նա նաև ընդգծել է. «Մենք գիտակցում ենք, թե 1915թ. ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ։ Այս փաստը չպետք է մոռացվի և մենք մեր ներդրումն ունենք այս մշակույթի մեջ»։

Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել օգոստոսի 24-ին՝ Վրաստան կատարած այցից հետո:

Անգելա Մերկելը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մերկելը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, եղել է «Թումո» կենտրոնում և PicsArt ընկերությունում:

Գերմանիայի խորհրդարանը 2016թ. հունիսի 2-ին ընդունել է Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից ներկայացված բանաձևը, որը 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանություններն ու կոտորածները ճանաչել է որպես Ցեղասպանություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am