Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի համար. Մերկել

Armenpress 19:06, 24 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի համար Եվրոպական Միության  վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենալու հարցում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Գերմանիան աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը հասնելու հարցում: « Դուք գիտեք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ունեն նաև Ասոցացման համաձայնագիր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է: Այդ հարցը  սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում առաջընթաց կլինի, և մենք մեզանից կախված ամեն ի՞նչ կանենք այդ հարցում առաջընթացի հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մերկելը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ քննարկման ընթացքում արձանագրել են, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին ավելի շատ մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում են, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն արտագաղթը, այլ պետք է խրախուսեն հայրենադարձությունը: Եվ, իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այս գործընթացը»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am