Եկամտահարկի դրույքաչափը կարող է սահմանվել 20%


 ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկամտահարկի դրույքաչափի նվազեցումից հարկային կորուստներ կլինեն, սակայն դրանք կլրացվեն ստվերի կրճատման հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

«Եկամտահարկի դրույքաչափը կարող է 2009 թ. հունվարի 1-ից սահմանվել 20%: Դրա հետևանքով հարկային եկամուտների կորուստներ կունենանք, սակայն դրանք կլրացվեն հարկ վճարողների կողմից իրական աշխատավարձերի հայտարարագրման, բոլոր աշխատողների գրանցման և ստվերի կրճատման հաշվին: Սակայն այս հարցը դեռ քննարկման փուլում է»,- ասաց Մաշադյանը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին ու տեղի ունեցած միջադեպերին, որտեղ նշվում էր, որ ՊԵԿ աշխատակիցները ՀԴՄ կտրոնների ստուգումներ իրականացնելիս անհիմն գործողություններ են իրականացրել:

«Երբ իմացանք, որ Արտաշատում ժողովրդի կողմից դժգոհություն կա, Կոմիտեի նախագահի հետ կարճ ժամանակում եղանք տեղում ու փորձեցինք հասկանալ` ինչն է խնդիրը: Ներկայացվեց, որ ՊԵԿ ստուգողների կողմից եղել է մի քանի գնում ու վերջին գնման ժամանակ, երբ մոլորության արդյունքում չի տրվել կտրոնը, այդ ժամանակ էլ կտրոն չտրամադրողը տուգանվել է: Քանի որ նոր ՀԴՄ-ներ են կիրառվում, որոնք ցույց են տալիս, թե երբ է կտրոն տրվել, տեսանք, որ նախորդ գնումներն էլ չեն արտացոլվել ՀԴՄ կտրոններում»,- ասաց ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալը:

Մաշադյանը չբացառեց նաև, որ կլինեն դեպքեր, երբ ՊԵԿ տեսուչը ջանասիրաբար կփորձի բացահայտել կտրոնների չտրամադրման դեպքերը, սակայն միայն առերևույթ խախտումների դեպքում:

«Խախտումը հնարավոր է արձանագրել միայն այն դեպքում, երբ ինքներս կկատարենք այդ գնումը: Եթե մեր դիմաց կանգնածին տալիս են կտրոն, մեզ` ոչ, չենք կարող արձանագրել խախտումը»,- նշեց նա:

Ռաֆիկ Մաշադյանը նշեց, որ իրենք ստուգումներ են իրականացնում միայն տարեկան 50 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ, իսկ դրանից պակաս շրջանառություն ունեցողներին խնդրեց ամբողջությամբ արտացոլել իրենց իրացման շրջանակը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը նաև հարկատուներին խնդրեց` ՊԵԿ աշխատողների կողմից իրենց աշխատանքին անհիմն միջամտություն տեսնելու դեպքում անմիջապես դիմեն անձամբ իրեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am