Նիկոլ Փաշինյանը սփյուռքահայ երիտասարդներին կոչ է անում վերադառնալ Հայաստան

Armenpress 21:20, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը: Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 23-ին  Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը  «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդները այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը:

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել, որպես սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրը իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր  խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը ապրելու երկիր է և այն երկիրն է, որտեղ պետք է զարգանալ, ստեղծագործել , ուժեղանալ , հարստանալ և հարստացնել  գաղափարներով և սիրով:

«Ես համոզված եմ, որ մենք այսօր իրար աչքերի մեջ նայելով, իրար սիրելով, ավելի ենք հզորանում»,- ընդգծեց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am