Մերկելը Վրաստան իր այցը կսկսի վարչապետ Բախտաձեի հետ հանդիպմամբ

Armenpress 17:36, 21 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնական այցը Վրաստան կսկսի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Գրուզիա Online»-ը:Մերկելը երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի օգոստոսի 23-ին: Գերմանիայի կանցլերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կդիմավորի Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ինչից հետո կկայանա ընդունելության պաշտոնական արարողությունը կառավարության վարչակազմում: Անգելա Մերկելը Մամուկա Բախտաձեի հետ հանդիպում կանցկացնի ինչպես դռնփակ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով: Այցի առաջին օրը կկայանա նաեւ Անգելա Մերկելի եւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը: Օգոստոսի 23-ին պաշտոնական ճաշկերույթ կտրվի վարչապետ Բախտաձեի անունից: Մերկելը հանդիպումներ կանցկացնի նաեւ այցի երկրորդ օրը՝ օգոստոսի 24-ին: Պլանավորված են Գերմանիայի կանցլերի հանդիպումներն ընդդիմության ներկայացուցիչների եւ «Արժանի գործընկեր» զորավարժությունների մասնակից գերմանացի զինվորների հետ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am