Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում

Armenpress 15:35, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը փողոցային առևտուրը մեկ բառով բնութագրում է որպես ապօրինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասաց. «Վերջին տարիներին Երևանում փողոցային առևտուրն ամբողջությամբ վերացել էր: Այսօր կրկին ավելացել է, և մենք աշխատանքներ ենք տանում վերացնելու ուղղությամբ, բայց կան անօրինական առևտուր կազմակերպողներ, ովքեր դժգոհում են: Նրանք նաև սպառնում են ոստիկաններին, որ կդիմեն վարչապետին, այս կամ այն պատկան մարմնին՝ չնայած մենք ամենևին էլ կաշկանդված չենք: Մենք իրականացնում ենք օրենքով սահմանված մեր լիազորությունները, այդ թվում գործընթացում ներգրավված է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը»: Օսիպյանը հավելեց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի այդ երևույթը վերանա:

Նրա խոսքով՝ փողոցային առևտուրը պետք է վերանա, հատկապես, որ շուտով Էրեբունի-Երևան տոնակատարությունն է տեղի ունենալու, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

ՀՀ ոստիկանապետն անթույլատրելի է համարում Երևան քաղաքում փողոցային առևտուրը և վստահեցնում, որ այդ ամենը վերացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am