Թալիբները համաձայնել են Մոսկվայում մասնակցել Աֆղանստանի հարցով հանդիպմանը

Armenpress 21:15, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ընդունել են Մոսկվայի առաջարկը՝ մասնակցել Աֆղանստանում հարաբերությունների կարգավորմանը նվիրված հանդիպմանը, որը պետք է կայանա ՌԴ մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 4-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal-ը: ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը տեղեկացրել էր, որ Աֆղանստանի վերաբերյալ հանդիպումը նախկինի պես սպասվում է սեպտեմբերի 4-ին: Հանդիպմանը  մասնակցելու են Աֆղանստանի, Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:

Խորհրդակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլին: Մինչ այդ թալիբները չեն մասնակցել հանդիպումներին:

The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով՝ թալիբներն «ընդունել են Մոսկվա մեկնելու հրավերը», որպեսզի մասնակցեն «Աֆղանստանի ապագային» նվիրված քննարկմանը»: 

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին օգոստոսի 19-ին հայտարարել Է «Թալիբան»-ի հետ երեք ամիս ժամկետով զինադադարի ռեժիմ սահմանելու մտադրության մասին: Հրադադարը, նախագահի խոսքով, կհաստատվի միայն այն դեպքում, եթե թալիբներն իրենք Էլ համաձայեն զինադադարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am