Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված դանակահարությունը

Armenpress 21:02, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները բացահայտել են Չարբախում կատարված դանակահարությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքից րոպեներ անց մի տղամարդ Չարբախի բաժանմունքում հայտնել է, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Դանակահարության մասին քաղաքացին, որի դեմքն արյունոտ է եղել, իսկ ճակատին՝ քերծվածքներ,  չի նշել: 

Ոստիկանները շտապօգնություն են կանչել, տուժողը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից քիչ անց ոստիկանության Չարբախի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ տղամարդը ճակատի քերծվածքներից բացի, որովայնի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք ունի: 

Ոստիկաններն անհետաձգելի որոնողական աշխատանքներ են սկսել: Դանակահարությունը բացահայտվել է ժամեր անց` համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում:Համայնքային ոստիկանները նախ ճշտել էին, թե դեպքը որտեղ է կատարվել, ապա բնակիչների շրջանում իրականացրած հարցումների արդյունքում պարզել, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Շարուրի փողոցի բնակիչ Նվեր Բաղդասարյանը: Նույն օրը նշված փողոցից Բաղդասարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նվեր Բաղդասարյանը հենց իրենց շենքի շքամուտում է դանակահարել տուժողին, որն, ըստ նախնական տվյալների, ալկոհոլի ազդեցության տակ բարձրաձայն հայհոյել է` չընդունելով շենքի բնակիչների դիտողությունները, վեճի բռնվել Բաղդասարյանի հետ:

Ոստիկանությունը պարզում է հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նվեր Բաղդասարյանը ձերբակալված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am