Կովկասյան Դավոս դառնալու ճանապարհին. Դիլիջանում վերաբացվել է քաղաքային զբոսայգին

Armenpress 12:23, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վերաբացվել է քաղաքային զբոսայգին, որի բարեկարգումն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բարեկարգվել են այգու ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել է այգու լուսավորությունը: «Այստեղ առհասարակ չէր երևում այգին` ամբողջությամբ մացառներով շրջապատված: Նախկինում ճեմուղիները ասֆալտապատ էին, այժմ մենք խարամի շերտ ենք լցրել, ինչն ընդունված է միջազգային փորձով: Այգու ծառերը վերջին անգամ 12 տարի առաջ էին էտվել, մենք իրականացրինք և՛ էտումը, և՛ մացառները հեռացրինք»,- ընդգծեց Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Իսկանդարյանը:

Նախատեսվում է ծրագիրը շարունակել և քաղաքային այգու տարածքում ատրակցիոնները բարելավվել: Իսկանդարյանն ասաց, որ միջազգային գործընկերների հետ նախնական որոշակի հայեցակարգային լուծումներ ունեն ատրակցիոնների հետ կապված:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերի միջև հավասար սոցիալական և տնտեսական զարգացումն ապահովելու համար: IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանն էլ իր հերթին նշեց, որ իրենք շարունակական և մեծածավալ նախագծեր են իրականացնում Դիլիջանում, որոնց նպատակն է այդ տարածաշրջանը դարձնել մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն: «Այս այգու բարեկարգումը ստեղծում է անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան Դավոս, ուր աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»,- շեշտեց Պաղճեանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am