Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով

Armenpress 15:19, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում օգոստոսի 16-ին կայացել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարզերում և Երևանում իրականացվող մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի, ինչպես նաև նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ մարզպետարանների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ֆիզիկական դաստիարակության և մասսայական սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Սարգիս Ավագյանը, երիտասարդական ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, ինչպես նաև նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան մասնագետները:

Մարզպետարանների  ոլորտի պատասխանատուները հանդիպման ընթացքում ներկայացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերը՝ մատնանշելով նաև դրանց հետ կապված դժվարությունները, որոնք վերաբերում են թե՛ մասնագետների և թե՛ դրամական միջոցների բացակայությանը:

Ոլորտի ղեկավարները հյուրերին ներկայացրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվելիք ծրագրերը՝ հորդորելով նրանց ակտիվացնել հանրության իրազեկման և այդ ծրագրերում ավելի շատ մասնակիցների ընդգրկման աշխատանքները:

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ ոլորտների օրենսդրական կարգավորմանն ուղղված աշխատանքները մեծապես կնպաստեն ինչպես մասսայական սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am