Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան

Armenpress 13:33, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Հարցաքննվելու են բոլորը, ովքեր այս գործի հետ առնչություն են ունեցել, բոլորն առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվելո՞ւ է:

Հարցին, թե ե՞րբ կհարցաքննվի ՀՀ երրորդ նախագահը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դա արդեն քննության անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է քննիչը:  Քննիչն է որոշում, թե ում երբ և ինչ հարցերի շուրջ հարցաքննի: Դա քննության տակտիկա է, և քննիչը պետք է պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ: Հարցաքննությունը ինքնանպատակ չէ, հարցաքննության նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն է»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am