Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը  

Armenpress 11:31, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը պատրաստվում է ապահովել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ի պատասխան վարչապետի հարցին՝ ԱԳ նախարարը նշեց. «Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ, վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով, դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»:

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական շտաբի հետ ունենում են շաբաթական հանդիպումներ: «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտաբի բոլոր անդամներին: Գագաթնաժողովի կազմակերպման առումով ունենալու ենք բարձր մակարդակ, բոլոր աշխատանքները, որոնք դրված են շտաբի առաջ, կատարվում են ամենաբարձր մակարդակում: Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ընդգծեց Ավինյանը:

          ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելեց, որ ոստիկանությունը պատրաստ է միջոցառման անցկացմանը: «Մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած բարձր մակարդակով ապահովենք հասարակական կարգն ու անվտանգությունը»,- ասաց ոստիկանապետը:

            ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ նշեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ամբողջ ծանրաբեռնվածությունը պատշաճ ձևով կսպասարկի: Լուծվել է նաև գագաթնաժողովի տարածքը wifi ցանցով ապահովելու խնդիրը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am