Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցությունների սեղանից. Աշոտ Ղուլյան

Armenpress 10:20, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: «Արմենպրես»-ի հետ զրուցում խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ, նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ դժվար է կանխատեսել, թե ինչ լրացուցիչ իմպուլսներով կարելի է խթանել բանակցային գործընթացը: Մենք երկու հիմնական խնդիր ունենք, որոնցից մեկը խորքային է՝ բանակցային գործընթացում շատ վաղուց խախտվել է ձևաչափը: 1997-1998 թվականներից հետո բանակցային ձևաչափն աղճատված է, այսինքն Արցախի Հանրապետությունը չի մասնակցում բանակցություններին: Դրանից հետո բանակցություններն ընդհանրապես փոխել են իրենց ընդհանուր կառուցվածքը և, եթե մինչև այդ բանակցություններ տեղի են ունեցել ակտիվ երկխոսության ճանապարհով, ապա այսօր ամեն ինչ փոխվել է` անցել են մաքոքային դիվանագիտության, այսինքն` միջնորդներն են այցելում բոլոր կողմերին»,- նշեց Ղուլյանը:

Նա առանձնացրեց նաև մեկ այլ խնդիր, որը բանակցային գործընթացը չի խթանում, այն է` ամեն անգամ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կառուցակարգեր մտածել, որտեղ կոնֆլիկտը երևում է որպես հայ-ադրբեջանական: «Հենց այս պատճառաբանությամբ է, որ Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում: Այս ամենը միջոցներ են` արդարացնելու ադրբեջանական այն կարծրատիպը, որով փորձում են ցույց տալ թե կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Բացի եռակողմ հանդիպումից, կարծում եմ, այլ տարբերակ չի կարող լինել, քանի որ շատ վաղուց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը պաշտոնապես հաստատված է փաստաթղթերով` ամենաբարձրը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովն է»,- նշեց Ղուլյանը:

Նա վստահեցրեց, որ կան փաստաթղթեր, և համաձայն դրանց՝ Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին անհերքելի է : ԱՀ Աժ նախագահի կարծիքով՝ բանակցություններին Արցախի մասնակցելու՝ Ադրբեջանի պատասխանից շատ պարզ կերևա, իրենք ցանկանում են իրական կարգավորում, թե խնդիր են դրել հետաձգել հիմնախնդրի կարգավորումը: « Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցությունների սեղանից»,- շեշտեց Աշոտ Ղուլյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին Արցախում կայացած ասուլիսի ընթացքում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտն է համարում ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am