«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մերժում օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված այլ քաղաքական ուժերի աջակցությունը

Armenpress 20:20, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթը Հայաստանի քաղաքացիների աջակցությունն է, թեև կուսակցությունը չի մերժում այլ քաղաքական ուժերի առաջարկած օգնությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:

«Մենք չենք մերժում մնացած քաղաքական ուժերի առաջարկած օգնությունը՝ օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված, բայց մեզ համար առաջնահերթը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ»,- ասաց Կոստանյանը:

Հարցին, թե կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ունեցած քաղաքական անհամաձայնությունների արդյունքում հնարավո՞ր է, որ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում միայնակ կառավարություն կազմի, Վահան Կոստանյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am