Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Ազգային կինոկենտրոնին

Armenpress 17:16, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայկական ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Նա ընդգծեց, թե վերջերս պարզվել է, որ որոշ պայմանագրեր կան կնքված ինչ-որ ընկերությունների հետ՝ ֆիլմերի ցուցադրության իրավունքի համար, և պետք է դեռ այդ ու այլ իրավական հարցեր լուծեն: Միրզախանյանը նշեց, որ կազմակերպություն կա, որի հետ 50 տարվա պայմանագիր է կնքվել, youtube.com կայքում էլ շատ ֆիլմեր կան, որոնք անորակ են և այստեղ արդեն հեղինակային իրավունքների խնդիր է առաջանում:

«Ահռելի աշխատանք ունենք անելու՝ եղած ժապավենները վերականգնելու և հանրայնացնելու առումով: Մենք բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մշակել ենք մի ծրագիր, համաձայն որի՝ մինչև 2024 թվականը հայկական կինոյի ողջ ժառանգության պահպանության, վերականգնման, հանրայնացման հարցերը կլուծվեն»,- ասաց կինոկենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի թվայնացման  աշխատանքներ սկսել:

«Լեհական FILMAFIX ընկերությունն է հոգալու բոլոր ծախսերը՝ թվայնացման և վերականգնման: Փարաջանովի ֆիլմից հետո մենք կսկսենք թվայնացնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմ, ապա ևս 10 ֆիլմ՝ հայկական դասականներից»,- նշեց Միրզախանյանը և հավելեց, որ ֆիլմերի ընտրությունը կատարելու է հատուկ խորհուրդը:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված կադրերով:

«103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում, յուրաքանչյուր ժապավեն 10 րոպե տևողությամբ է: Կան ժապավեններ, որ ամբողջությամբ օգտագործված չեն, սակայն բավական մեծ ծավալի կադրեր ունենք մեր ձեռքի տակ: Նախատեսում ենք նաև հարցազրույց անել «Նռան գույնը» ֆիլմի այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են»,- ասաց Միրզախանյանը:

Նա ավելացրեց, որ նկարահանման մանրամասները որոշելու համար Դանիել Բըրդը Հայաստան է գալու: «Նռան գույնի» երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, իսկ ֆիլմի չօգտագործված կադրերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am