Քաղաքացու առեւանգման մեջ կասկածվողը հայտնաբերվել է ԱՄԷ-ում

Armenpress 18:55, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փաստի առթիվ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Արամ Վարդանյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում:Նա հուլիսի 30-ին հայտնաբերվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և ձերբակալվեց:Քրեական գործի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաև Գարեգին Իսկանդարյանը:

Նրան քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց: Նա կալանավորված է: Այն քաղաքացիները, որոնք տուժել են Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am