Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է արցախյան գինու փառատոն

Armenpress 17:25, 12 Օգոստոս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի Տող գյուղում սեպտեմբերի 15-ին  կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարությունից, արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ,համերգ,ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:

Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00, իսկ համերգային ծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։ Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ: 

Արցախյան գինու փառատոնը 2014 թվականից կազմակերպվող ամենամյա համապետական միջոցառում է, որն իր հարկի տակ ընդունում է տասնյակ գինեգործների Արցախից և Հայաստանից, մշակութային բազմաբնույթ համույթների և հազարավոր հյուրերի: Փառատոնի կազմակերպիչն է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: Գլխավոր գործընկերը «Կատարո» գինու գործարանն է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am