Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու. Փաշինյան

Armenpress 17:35, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ  հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է նախապատրաստական փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա որևէ նորություն՝ կապված Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հետ: 

«Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման որևէ սցենարի, այդ թվում՝ բանակցությունների: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի համար, մանավանդ այս քաղաքական իրավիճակում, բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայման:  Մենք մեր քաղաքական պատրաստակամությունն ենք հայտնել բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում, ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակում և Հայաստանի ազգային շահերի համատեքստում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am