Ավելի քան 200 երիտասարդ ծառայում է ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով

Armenpress 17:00, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ) առաջին անգամ զինծառայության է անցել 200-ից ավելի երիտասարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Նրանց համար հիմնականում կան առանձնացված զորամասեր և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետությունների տարածքներում:  Այս տարբերակով ծառայող տղաները զինծառայությունն անց են կացնելու հատուկ պայմաններում»,- նշեց Մուրադյանը:

2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկ տարբերակ՝ Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ): Այս պարագայում կզորակոչվեն առողջական  որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձր մակարդակ ունեցողները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am