Վրաստանը, Ռուսաստանն, Իրաքը, Քուվեյթն, Իսրայելը, Լիբանանն ու Սիրիան համախմբվել են Հայաստան աշխարհի «մեկ հարկի» տակ. մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագիրը

Armenpress 14:33, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ մեկնարկեց Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցում է 500 հոգի աշխարհի 25 երկրից: Ծրագիրն անցկացվելու է օգոստոսի 10-24-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկաներին շնորհավորեց հեղափոխված, նոր Հայաստանում գտնվելու առիթով:

«Այս ծրագիրը մեր գերատեսչության համար աննախադեպ է, քանի որ նախկինում երբեք միաժամանակ շուրջ 440 մասնակից չենք ընդունել: Առաջին անգամ ենք այսպիսի մեծ միջոցառում անցկացնում, և ես չեմ բացառում, որ գուցե լինեն թերացումներ»,- նշեց նախարարը:

Հայրապետյանը վստահ է, որ ծրագրի մասնակիցները անպայման կսիրեն, «գժի պես» կսիրեն Հայաստանը, և Հայաստանն էլ իրենց է սիրելու:

«Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում իրականացվելիք դասընթացների ու հանդիպումների մեծ մասն անցկացվելու են Հայաստանում բարձրագույն կրթություն ապահովող լավագույն հաստատություններից մեկում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

«Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանն ընդգծեց, որ «Քայլ դեպի տուն»-ը երկու տարբեր ծրագրերի արդյունքում է ստեղծվել՝ «Արի տուն» և «Ամառային դպրոց»:

«Այս ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան պատանիների և երիտասարդների համար: Այն ուսումնաճանաչողական է, և մասնակիցները, բացի նրանից, որ այցելելու են տարբեր եկեղեցիներ, թանգարաններ, Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, նաև հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների են մասնակցելու: 18-21 տարեկան երիտասարդների համար առանձին ծրագրեր ունենք»,- նշեց Ենգիբարյանը:

Նա հավաստիացրեց, որ մասնակիցներին սպասում է շատ հագեցած 14 օր, և վերջին երեք օրը նրանք լինելու են ճամբարում:

Իսրայելի Երուսաղեմ քաղաքից ժամանած Հակոբ Ավագյանը Հայաստանը բնութագրելիս այն մեկ բառով ձևակերպեց՝ խենթանալու է:

«Մեկ ժամ է ընդամենը, որ Հայաստանում ենք, բայց բոլորս իրար հետ մտերմացել ենք և արդեն քրոջ ու եղբոր նման ենք: Ես երկրորդ անգամ եմ այստեղ, առաջին անգամ եկել եմ 4 տարի առաջ՝ Համահայկական խաղերին մասնակցելու»,- նշեց Հակոբ Ավագյանը և հավելեց, որ Իսրայելից Հայաստան եկել է 10 մասնակից: 

Ծրագրի գլխավոր գործընկերն է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, աջակցում է համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am