«Ֆրանկոֆոնիայի ավան», ցուցահանդես, ներկայացում. Նազենի Ղարիբյանը ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի միջոցառումները  

Armenpress 09:48, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանատվությամբ է պատրաստվում Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք մշակութային միջոցառումներին:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց, որ միջոցառումների նախապատրաստման աշխատանքները նախարարության ուշադրության կենտրոնում են, իրենք պարբերաբար ընդունում են տարբեր ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններ:

«Հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում ստեղծվելու է  Ֆրանկոֆոնիայի ավան: Մենք գիտենք, որ ֆրանկոֆոն 84 երկիր կա, սակայն  առանձին տաղավարներով ներկայացված են լինելու այն երկրները, որոնք նախապես կդիմեն մասնակցության համար: Երկրները ներկայանալու են իրենց ավանդական  և ժամանակակից մշակույթով: Ավանը գործելու է այդ բոլոր օրերին, ժամը 12:00-20:00-ն: Բացի այդ, ավանի տարածքում բեմ է լինելու, օրվա ընթացքում ներկայացվելու են մշակութային տարբեր համարներ՝  հիփ-հոփից մինչև օպերա, երգ, պար,  պերֆորմանսներ»,-տեղեկացրեց Նազենի Ղարիբյանը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին շատերն են ներկայացնում միջոցառումների  նախագծեր՝ առաջարկելով  հետաքրքիր մտահղացումներ:  

«Բացի այդ, Սունդուկյան թատրոնի ձմեռային այգում կազմակերպվելու է հայազգի նկարչուհի Ասիլվայի աշխատանքների ցուցահանդեսը: Այդ օրերին ներկայացում է բեմադրելու նաև Ֆրանսիայում գործող «Սաթե-աթղը» թատերախումբը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու օպերա կներկայացվի՝ «Կարինեն» և «Մանոնը»,-հավելեց փոխնախարարը: Նազենի Ղարիբյանի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին անցկացվելու է գալա-համերգ, որի կազմակերպմամբ զբաղված է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Ղարիբյանի առաջարկով կազմակերպվելու է նաև մեկ այլ միջոցառում, որը ցույց է տալու Ֆրանկոֆոնիայի պատմությունը Հայաստանում. ինչու է Հայաստանին պատիվ վիճակվել հյուրընկալել գագաթնաժողովը և ստանձնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը: Միջոցառումը լինելու է ցուցահանդեսի տեսքով և կրելու է «Գիրք և գինի» խորագիրը: «Գիրք և գինի» ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն Լեյլա Սլիմանիի և Ժան Մարի Գյուստավ Լեկլեզիոյի գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսները, որոնք կանցկացվեն  հայկական և ֆրանսիական ավանդույթներով պատրաստած գինիների համտեսմամբ:

2016 թ. նոյեմբերի 27-ին Անտանանարիվուի (Մադագասկար) գագաթնաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի երկրի և կառավարությունների ղեկավարները Հայաստանը սահմանեցին  որպես 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am