Հայկական կոխ ըմբշամարտը ներկայացվել է Ուկրաինայի ազգային մարտարվեստի փառատոնում

Armenpress 12:53, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվում է Անատոլի Երմակի անվան 22-րդ միջազգային ռազմական եւ ավանդական մշակույթների փառատոնը, որին աջակցում է Ուկրաինայի երիտասարդության եւ սպորտի նախարարությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  AnalitikaUA.net-ը, Զապորոժիեի մարզի հայերի միությունը աջակցել է փառատոնի անցկացմանը, իսկ Մարիուպոլցի ըմբիշներ Տարոն Մակարյանը եւ Գենադի Կորխը հայկական կոխ ըմբշամարտը ներկայացրեցին բազմաթիվ ազգային մարտարվեստների շարքում:

Կայքը հիշեցնում է, որ օգոստոսի 17-19-ը Կիեւում կանցկացվի Անատոլի Երմակի անվան 22-րդ միջազգային փառատոնի վերջնական մասը, որտեղ նույնպես կներկայացվի հայկական կոխ ըմբշամարտը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում սպորտի և սպորտսմենների աջակցությանը: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am