Էդուարդ Շարմազանովը համոզիչ չի համարում ՀՀ գլխավոր դատախազության պատճառաբանությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ

Armenpress 15:26, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատաքննությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ գնալով իր մոտ ամրապնդվում է այն մտահոգությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ:

Անդրադառնալով  Գլխավոր դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդության մերժմանը, ԱԺ նախագահի տեղակալը նշեց , որ Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր:

«Կարծում եմ, որ գնալով այն մտահոգությունը և մտավախությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ և, ինչու չէ, նաև անձնական  վենդետայի  միտումներ, աստիճանաբար արմատավորվում է:

Եվ այսօր Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումը կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի եղել և վերադարձել է Հայաստան և 46 պատգամավորի միջնորդությունը մերժելը անհասկանալի եմ համարում: Այն պատճառաբանությունները, որոնք ներկայացրել է Գլխավոր դատախազությունը, ինձ համար բավարար և հիմնավորված չեն»,- ասաց Շարմազանովը:

Հարցին` թե Հանրապետական կուսակցությունը ինչ քայլեր է ձեռնարկելու այս կապակցությամբ, Շարմազանովը պատասխանեց. «Նախ սպասենք Վերաքննիչ դատարանի որոշմանը, այնուհետև կքննարկենք հետագա մեր քայլերը»:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են կալանավորման որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am