Մարդու իրավունքների Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

Armenpress 11:34, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացված գրավոր բողոքների հիման վրա չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 30 դատապարտյալի հետ, որոնցից մեծ մասը ցմահ ազատազրկվածներ են եղել: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման օրենսդրական հնարավորություններին, ինչպես նաև ցուցաբերվող բժշկական օգնությանը և ըստ քրեակատարողական հիմնարկների ու խցերի ազատությունից զրկված անձանց տեղաբաշխմանը:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև անվտանգության նկատառումներից ելնելով պատժախցային-կարանտինային մասնաշենքում իրենց կամքով մեկուսի պահվող անձանց հետ, ուսումնասիրել նրանց պահման պայմանները:

Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության շրջանակում դրանց լուծում տալու վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Արմավիր ՔԿՀ-ի վարչակազմի հետ արդյունավետ համագործակցությունը և բարձրաձայնված հարցերին աշխատանքային կարգով արագ լուծում տալու պատրաստակամությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am