Կանանց հասարարական դերի բարձրացում, թե՞ ուղղակի ներկայացվածության ավելացում ԱԺ-ում


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական դաշտում և կառավարման օղակներում կանանց ներգրավվածության անհրաժեշտության մասին գիտակցում և բարձրաձայնում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Թվում է, թե 21-րդ դարում, երբ ՄԱԿ-ի՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» և «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիաները ստորագրել են  անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը, ոլորտում խնդիրներ պետք է չլինեն: Բայց իրականությունն այլ բան է փաստում: Inter-Parliamentary Union (IPU)-ի տվյալներով աշխարհի բոլոր խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը կազմում է միջինը 24%: Այս ցուցանիշը  վկայում է, որ խորհրդարաններում գենդերային հավասարակշռության խնդիրը մնում է անկատար, իսկ կանանց հասարակական-քաղաքական դերը՝ թերագնահատված:

Խորհրդարաններում  կանանց ներկայացվածության աստիճանը բավական ցածր է թե՛ զարգացած ժողովրդավարություններում, թե՛ ժողովրդավարացման ուղին բռնած պետություններում: IPU-ի տվյալներով՝  «ամենաժողովրդավարական» համարվող ԱՄՆ-ում կանանց ներկայացվածությունն օրենսդիր մարմնում կազմում է ընդամենը 20%: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում 102-րդն է: Իրավիճակը այլ է Եվրոպայում: Մասնավորապես, Ֆրանսիայում կանայք խորհրդարանում կազմում են 39%, Մեծ Բրիտանիայում՝ 32%, Գերմանիայում՝ 30%: Թեև կանանց իրավունքների պաշտպանության մասին թեզը բնորոշ է արևմտյան քաղաքական մշակույթին, վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց ամենամեծ ներկայացվածությունն ունի Ռուանդայի խորհրդարանը՝ 61%: Դրան հաջորդում են  Կուբայի և Բոլիվիայի խորհրդարանները՝ 53-ական տոկոս կանանց ներգրավվածությամբ:

Հայաստանում կանայք խորհրդարանում 18% են կազմում: Հայաստանն այս ցուցանիշով մի փոքր առաջ է իր հարևաններից. Ադրբեջանի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 17% է, Վրաստանում ՝  16%, Թուրքիայում՝ 14%, իսկ Իրանում՝ 6%:

Հայաստանում այս ցուցանիշը կարող էր ավելի բարձր լիներ, քանի որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է համամասնական ցուցակի յուրաքանչյուր երրորդ համարում առաջադրել կնոջ թեկնածություն: Դա հնարավորություն կտար  մի քանի տարի անց ուժի մեջ մտնող դրույթներով խորհրդարանում ապահովել կանանց 33% ներկայացվածություն, հատկապես, որ օրենքը պահանջում է համամասնական ցուցակի կին թեկնածուի ինքնաբացարկի դեպքում մանդատը հանձնել ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին: Բայց գործող օրենսգրքի համաձայն այս եղանակով ձևավորվում է խորհրդարանի 50%-ը միայն: Խորհրդարանի մյուս 50%-ը ձևավորվում է ռեյտինգային ընտրակարգով, որի դեպքում կանանց ներկայացվածությունը քվոտավորված չէ: 2017թ.-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան էր անցել ընդամենը մեկ կին պատգամավոր:

Հատկանշական է, որ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը քննարկումներից մեկում անդրադարձել է խորհրդարանում կանանց ներկայացվածության խնդրին: Քննարկման մասնակից կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները խորհրդարանում սեռերի միջև 30/70 հարաբերակցությունը համարել են ոչ բավարար և առաջարկել են կրճատել այդ տարբերությունը՝ ընդհուպ մինչև 40/60: Հաշվի առնելով, որ ԸՕ քննարկումներում այս հարցը պարբերաբար արծարծվում է, հնարավոր է՝ հաջորդ խորհրդարանում ունենանք կանանց ներկայացվածության ավելացում:

Բայց հանուն ճշմարտության փաստենք, որ խորհրդարանում կանանց ավելի մեծ ներկայացվածության հնարավոր չէ հասնել մեկ օրում, քանի որ դրա վրա ազդում են և՛ քաղաքական մշակույթը և՛ ժողովրդավարության մակարդակը: Ուստի ժամանակ է անհրաժեշտ հասնելու այն գիտակցման, որ կանանց ներկայացվածությունը քաղաքականությունում, որոշումների ընդունման ոլորտում և, հատկապես, երկրի խորհրդարանում ինքնանպատակ չէ: Խորհրդարանն այն մարմինն է, որը պետք է արտահայտի ամբողջ հասարակության շահերը և եթե հասարակության 52.5%-ը կազմում են կանայք, ապա այդ խորհրդարանում կանայք պետք է ունենան ավելի մեծ ներկայացվածություն իրենց շահերը լսելի դարձնելու և առկա խնդիրներին համակողմանի լուծում տալու համար:

Ժակլին Արզումանյան,

Քաղաքագետ

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am