Բռնցքամարտիկ Արամ Ավագյանի առաջիկա մրցակիցը ոչ մի պարտություն չի կրել  

Armenpress 15:48, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի առաջիկա մրցակիցը ոչ մի պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին բռնցքամարտիկի պրոմոութերական ընկերությունից: Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կանցկացնի իր հերթական մենամարտը՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար: Ավագյանի մրցակիցը կլինի ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Եվգենի Սմիռնովը: 24-ամյա ռուս բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 14 մենամարտ, որից 13-ում հաղթանակ է տոնել, 1 մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի:

Առաջիկա մենամարտն առանձնանում է նրանով, որ 2 մարզիկներն էլ դեռևս անպարտելի են:

Արամը, հիշեցնենք, հաղթանակ է տարել նախորդ բոլոր 8 մենամարտերում:  Սմիռնովն իր առաջին մենամարտն անցկացրել է 2014 թվականի մարտի 15-ին, իսկ վերջին մենամարտում՝ հունիսի 23-ին առավելության է հասել Տանզանիան ներկայացնող ուժեղագույն բռնցքամարտիկ Բաինա Մազոլայի նկատմամբ:  Այսպիսով, սեպտեմբերի 21-ին Մոսկվայում սպասվում է անպարտելիների մենամարտը՝ Եվգենի Սմիռնով-Արամ Ավագյան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am