Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին

Armenpress 11:52, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոսի ընտանիքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին։ Բարձր գնահատականի է արժանի մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի և ազգային-հասարակական գործչի գործունեությունը։ Սերգեյ Համբարձումյանի թե՛ գիտական, թե՛ մանկավարժական, թե՛ հասարակական աշխատանքը, որ տևել է տասնամյակներ, եղել է արդյունավետ և արգասաբեր։ Հեղինակավոր գիտնականն ու գիտական կազմակերպիչն արժանիորեն վայելում է իր գործընկերների, ուսանողների և ողջ գիտական հանրության սերն ու հարգանքը։ Իմ ցավակցությունն եմ հայտնում ականավոր գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am