Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք. Նիկոլ Փաշինյան  

Armenpress 11:43, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնությունից կօգտվի նաև «Հելլո» ՍՊԸ-ն:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը մտադիր է տրիկոտաժի արտադրության ոլորտում կատարել 370.8 մլն դրամի ներդրում: «Արդյունքում մինչև 2021 թվականը կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 106 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս ընկերությունում աշխատում է 105 մարդ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:            

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չնայած ընկերություններին նման արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը հասկանալի է, բայց ամեն անգամ որոշակի հարցադրումներ են լինելու դրանց տրամադրման հիմնավորումների շուրջ: «Նախորդ նիստում պարզաբանեցինք, որ որոշակի սանդղակներ են գործում, սակայն հնչում են հարցեր, թե որքանով են օբյեկտիվ դրանք: Ընդհանուր առմամբ, ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք՝ նոր աշխատատեղերի ստեղծումն է, ոլորտի զարգացումը: Առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն քննարկում կունենանք, թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է դրամատիկ միջոցներ ձեռնարկենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացը պետք է կազմակերպվի չափազանց թափանցիկ, որպեսզի չխաթարվի վստահության մթնոլորտը որևէ գործընթացի նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am