Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ

Armenpress 16:05, 30 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 22-28-ը տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 12-13-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 4-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար. մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 7-րդ տեղը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վարդան Ոսկանյանը և Կարեն Քեռյանը:

Նշենք, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Պետերբուրգի պետական համալսարանի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Իսրայելի ազգային և Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am