ՀՀ նախագահը հանդիպել է ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ

Armenpress 14:35, 25 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարևորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցելու ազգային փոքրամասնություններին ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են: «Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am