Արցախցիները ցանկություն ունեն միանալու «Ես եմ» ծրագրին. Լևոն Մնացականյան

Armenpress 14:50, 24 Հուլիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնարավոր է, որ հաջորդ զորակոչին Արցախի բնակիչները ևս հնարավորություն ունենան մասնակցելու «Ես եմ» ծրագրին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Ես եմ» ծրագրի վերաբերյալ նախնական վերլուծության արդյունքները վկայում են, որ արցախցիները ևս ցանկություն ունեն մասնակցելու ծրագրին:

«Արցախի Հանրապետությունում «Ես եմ» ծրագիրը չի գործում, քանի որ համապատասխան օրենքը ընդունված չէ: Այժմ այն ներկայացված է ԱՀ կառավարությանը: Կարծում եմ` մինչև սեպտեմբեր` Ազգային ժողովի արձակուրդից վերադառնալուց հետո առաջինը քննարկման ներկայացված կլինի հենց այդ օրենքը: Ես այն կներկայացնեմ Ազգային ժողովում: Փոփոխությունների անհրաժեշտության դեպքում դրանք կիրականացվեն և հաջորդ զորակոչից Արցախի Հանրապետությունում ևս հնարավորություն կլինի մեկնել ծառայության «Ես եմ» ծրագրով»,- ասաց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am