«Խաղաղության հեծանվարշավ» կամ Միջերկրական ծովի հաղթահարում՝ Ֆրանսիայից Լիբանան. Արա Խաչադուրյանի հաջորդ հավանական նվաճումները

Armenpress 14:43, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողալ, անցնել Միջերկրական ծովը Ֆրանսիայից Լիբանան կամ պտտվել հեծանվով ամբողջ աշխարհով մեկ: Մարսելաբնակ հայազգի Արա Խաչադուրյանը նոր մտահղացումներ ունի:

Նա Մարսելից Երևան է հասել 107 օրում՝ վազելով 4350 կմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արա Խաչադուրյանն ասաց, որ նոր գաղափարներն իր մոտ առաջացել են  վազելու ընթացքում:

«Այդքան օր վազքից հետո, երբ առաջին անգամ Հայաստան ոտք դրեցի, ինձ մոտ անբացատրելի զգացողություններ էին, շատ էի հուզվում, բայց ամենաառաջին միտքը որ եկավ,  այն էր, որ իմ տուն եկա: Մոտ մեկ ու կես տարի պատրաստվել եմ, որպեսզի այդ ամբողջ ճանապարհը կարողանամ հաղթահարել: 107 օր վազեցի և այս նվաճումից հետո մտածեցի նաև իմ հաջորդ քայլերի մասին: Երկու տարբերակ ունեմ՝ լողալ Միջերկրական ծովը՝ Ֆրանսիայից Լիբանան, որտեղ ես ծնվել եմ կամ պտտվել հեծանվով ամբողջ աշխարհով, որտեղ կան հայեր»,- նշեց Խաչադուրյանը:

Նա իր «Խաղաղության վազք»-ը սկսել է Մարսելից, քանի որ ինչպես ինքն է ասում, այդ քաղաքն իրեն «որդեգրել է», երբ Լիբանանում պատերազմ էր: 1983-ին նա տեղափոխվել է Մարսել:

Արա Խաչադուրյանն արդեն բարձրացել է Արարատ լեռը, Կիլիմանջարոն, Մոնբլանը, Պերուի, Բոլիվիայի և Էկվադորի բարձր լեռները: 

«Խաղաղության վազք»-ն իրականացվել է ՀԲԸՄ ջանքերով: Մարսելից մեկնարկելով Խաչադուրյանն անցել է Եվրոպա աշխարհամասով, հասել Թուրքիա, եղել Արևմտյան Հայաստանում:

Արան պատրաստվում է 15 օր մնալ Հայաստանում, այցելել նաև Արցախ և հանդիպել տեղի երիտասարդների հետ ու կիսվել նրանց հետ խորհուրդներով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am