Սփյուռքի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նախաձեռնած խորհրդակցությանը

Armenpress 17:56, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Ջերմուկում հուլիսի 20-ին մասնակցեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նախաձեռնած համատեղ արտագնա խորհրդակցությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՄԱԿ ՓԳՀ-ի հիմնական կառավարական գործընկեր Միգրացիոն ծառայության պատվիրակությունը, սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը և նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը:

Աշխատաժողովի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին փախստականների համար միջազգային պաշտպանություն ապահովելու և կառավարությանը հայաստանյան համատեքստում երկարատև լուծումներ գտնելուն աջակցելու հարցում ՄԱԿ ՓԳՀ դերի հետ:

Մասնակիցները ներկայացրին ինտեգրման ռազմավարությունների մշակման և դրանց տարրերի վերաբերյալ սփյուռքի նախարարության տեսլականը, թե ինչպես պետք է հասցեագրել տեղահանված բնակչության ինտեգրումը նախարարության լիազորությունների ավելի լայն շրջանակի ներքո, տրամադրեցին Միգրացիոն ծառայության կողմից մշակված ինտեգրման հայեցակարգի և դրա իրականացման նախնական փորձի մասին տեղեկատվություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am