Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Armenpress 09:56, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ հուլիսի 19-ի երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ:

Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով: Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանը նշել է, որ այսօրվա Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ ամիս տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս առումով փոխվարչապետն ընդգծել է ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության, ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարևորությունը:

Կոնգրեսական Ռոսկամը ողջունել է փոխվարչապետ Միրզոյանին և ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի հիմնական առաքելությունը:

«Սա յուրահատուկ երկկուսակցական հանձնախումբ է: Մենք համագործակցում ենք աշխարհի բազմաթիվ երկրների, մեր գործընկերների հետ՝ ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ առանձին խորհրդարանի անդամների հետ երկխոսության միջոցով»,- ասել է կոնգրեսականը:

Ըստ նրա՝ ընտրությունները կարևոր են, սակայն կարևոր են նաև այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փրայսը, ով վերոհիշյալ հանձնաժողովի հիմնադիրներից է:

Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելել է նաև Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ: Այստեղ փոխվարչապետը հանդիպել է ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի ու Եվրասիական հարցերով ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ:

Դենիել Թվինինգը, ողջունելով փոխվարչապետին իրենց գրասենյակում, ընդգծել է Հայաստանում ընթացող զարգացումների կարևորությունը:

«Ողջ աշխարհը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը տեր կանգնում իր ճակատագրին»,- նշել է Միջազգային հանրապետական հաստատության նախագահը:

Փոխվարչապետ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծել է, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել ու ամրապնդել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Փոխվարչապետը վերահաստատել է գործող իշխանությունների վճռականությունը Հայաստանի ժողովրդավարացման ու անկախ դատական համակարգի զարգացման հարցում:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է փակ դռների հետևում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am