Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

Armenpress 21:54, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գրատուն էին այցելել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատնով, ծանոթացավ այնտեղ ներկայացված գրքերին: Վարչապետը կարևորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը: «Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի նաև երիտասարդների շրջանում ընթերացանության նկատմամբ հետաքրքրության աճին: Իհարկե, ընթերցում եմ նաև ժամանակակից հայկական գրականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ անպայման գրատնից գրքեր կգնի:   

Երևանի ամենաաշխույժ հատվածներից մեկում՝ Աբովյան 7 հասցեում գտնվող  այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում: Իր ժամանակակից ձևավորմամբ, ընդարձակ տարածքով, գրական միջոցառումների և ընթերցանության համար նախատեսված հատուկ տարածքներով,  այն միտում ունի նոր մակարդակի բարձրացնել գրավաճառ մշակույթը Հայաստանում: Գրախանութի երկու հարկերում ներկայացված է հայաստանյան և արտասահմանյան հրատարակչությունների շուրջ 20.000 հրատարակություն:

«Աբովյան» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am