Գունագեղ նկարներն ու հուզառատ բանաստեղծությունները կներկայացվեն «Անուրջներ» ցուցահանդեսում


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայաբնակ նկարչուհի Նելլի Դանիելյանի նկարներն իրենց տեղն են գտել փարիզաբնակ գրող Քնարիկ Մենզիլջյանի «Անուրջներ» բանաստեղծությունների ժողովածուում: Նկարչուհու ստեղծագործությունների ցուցահանդեսը և գրքի շնորհանդեսը տեղի կունենան հուլիսի 19-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դանիելյանն ասաց, որ ամեն տարի հայրենիք է գալիս որևէ հետաքրքիր նախագծով: Նա Նկարիչների միությունում շատ ցուցահանդեսների է մասնակցել, սակայն «Անուրջներ»-ը առանձնահատուկ է, քանի որ անհատական է:  

«Ներկայացվելու է ավելի քան վաթսուն աշխատանք՝ գրաֆիկա, գոբելեն, ֆակտուրային բատիկ, բնանկարներ և ֆիտոկոլաժներ»,-ասաց նկարչուհին:

Հայաստանի, Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ,  Մոսկվայի ֆիտոկոլաժիստների միջազգային ասոցիացիայի համանախագահ Նելլի Դանիելյանը նաև զբաղվում է մանկավարժությամբ, սակայն խոստովանում է, որ արվեստն է իր ապրելակերպը: «Չեմ կարող չնկարել, նաև սիրում եմ մանկավարժությունը, որը հնարավորություն է տալիս նոր լիցքեր ստանալ և դրանք փոխանցել թղթին»,-ընդգծեց նկարչուհին:

Անդրադառնալով իր ոգեշնչման աղբյուրին՝ Դանիելյանը նշեց, որ ուսումնասիրել է  գերմանացի ճարտարապետ-ֆլորիստ Ֆրիդրիխ Ռաֆելի գործերը, ով ամբողջ կյանքում երազել է նկարել, բայց չի ունեցել այդ տաղանդը, ուստի ստեղծել է իր սեփական տեխնիկան՝ ծաղկարվեստը համադրելով գույներով:

Քնարիկ Մենզիլջյանը, ում բանաստեղծություններում իր խոհերն են, անուրջները, երազային մտորումները, ասաց, որ գրում է և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն:  «Երկու տարի է, որ աշխատում ենք այս ծրագրի վրա: Դժվար էր նախագիծը կյանքի կոչել, քանի որ ես Փարիզում եմ ապրում, Նելլին՝ Մոսկվայում, իսկ հրատարակչությունը` «Անտարես»-ը, Երևանում է: Նելլիի հետ համացանցի միջոցով ենք ծանոթացել. հավանեցի նրա ստեղծագործությունները, նա սիրեց իմ բանաստեղծությունները, և որոշեցինք նրա նկարների և իմ գործերի հիման վրա գիրք հրատարակել»,-պատմեց գրողը:

Մենզիլջյանը խոստովանեց, որ իրեն ոգևորում են մարդկային հարաբերությունները, սերը, կարոտը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 21-ը: Գիրքն արդեն Երևանի գրախանութներում է:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am