Վարդենիկ գյուղի հիմնադրամը գործող ՀԷԿ-ի շահույթների հաշվին տարեկան կհամալրվի 10 միլիոն դրամով

Armenpress 14:37, 18 Հուլիս, 2018

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի նորաստեղծ «Վարդենիկ» հիմնադրամը գյուղի տարածքում գործող ՀԷԿ-ի շահույթների հաշվին տարեկան կհամալրվի 10 միլիոն դրամով, որը եւ կուղղվի գյուղի կենսական կարեւոր նշանակության խնդիրների լուծմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, նորաբաց հիմնադրամը գործելու է համայնքապետարանին կից, կառավարվելու է հոգաբարձուների խորհրդի կողմից:«Մենք արդեն պայմանավորվել ենք մեր համայնքի տարածքում ՀԷԿ-ը շահագործող «Ջրասահք» ՍՊԸ տնօրինության հետ, որպեսզի ՀԷԿ-ի շահույթներից տարեկան «Վարդենիկ» հիմնադրամին փոխանցվի 10 միլիոն դրամ: Միջոցներն ուղղվելու են Վարդենիկի սոցիալ-տնտեսական զարգացմանը:Համայնքում, չնայած իրականացված մեծածավալ ծրագրերին, դեռեւս հսկայական խնդիրներ կան կուտակված, որոնք համապատասխան միջոցներ են պահանջում:Մոտակա օրերի ընթացքում նշված գումարը կուղղվի հիմնադրամի հաշվին, որից հետո հոգաբարձուների խորհուրդը կորոշի,թե առաջնահերթ նշանակության որ ծրագրի իրականացմանը կուղղվեն եղած միջոցները: Այնպես չէ, որ մենք հիմնադրամը ստեղծել ենք ՀԷԿ-ից ստացվող տարեկան 10 միլիոն դրամի ակնկալիքով: Ավելին, մենք ակնկալում ենք այլ հատկացումներ կամ նվիրատվություններ արտերկրում կամ Հայաստանում ապրող վարդենիկցի գործարարներից, բարեգործներից: Կարծում եմ, որ հիմնադրամի միջոցները շոշափելի կլինեն: Նույնիսկ այս տարվա ընթացքում կհասցնենք համայնքի համար որոշակի ու կարեւոր խնդիրներ լուծել»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am