Դառնալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացող երկիր. Նախագահը «Քենդլ» հետազոտությունների ինստիտուտում էր

Armenpress 12:45, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է դառնա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առաջ գնացող, այդ տեխնոլոգիաներով զարգացող երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում շրջայցից հետո ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով երկրի տեխնոլոգիապես զարգացմանն ուղղված մի քանի քայլեր, որոնցից առաջինը կրթական համակարգն է: «Տեխնոլոգիաները ստեղծողները, կիրառողները, տարածողները, վաճառողները մարդիկ են, որոնք պետք է ունենան պրոֆեսիոնալ հմտություններ: Հետևաբար, այս ամենի համար շատ էական է մեր կրթական համակարգը»,-ասաց Նախագահը:

Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր բաղադրիչը հիմնարար գիտությունն է: «Մեր առավելությունն այն պետք է լինի, որ մեր ծրագրավորողը լինի բարձրորակ մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, գիտնական ծրագրավորող այսինքն՝ ունենանք գիտնական ծրագրավորող, բարձր մակարդակի ստեղծագործող մասնագետներ: Առանց դրա չես կարող նոր որակ ստեղծող մասնագետներ ձևավորել»,-հավելեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած շատ գիտական հիմնարկներ կամ մաշվել են կամ կորցրել են իրենց կարևորությունը, որոշ լաբորատորիաներ նույնիսկ վերացել են, իսկ ահա այս ինստիտուտը, որը ստեղծվել է 2000 թվականին, բավական տպավորիչ է: «Ես ուրախ եմ, որ այստեղ եմ, մենք կարողացել ենք Հայաստանում այսպիսի ինստիտուտ հիմնել, որ միջազգային լավագույն մակարդակ ունի: Դրա  վառ ապացույցն այն է, որ ինստիտուտի գործընկերը Համբուրգ DESY ազգային արագացուցչային կենտրոնն է: Սա միջազգային հսկայական ինստիտուտ է, որը ոչ արժեքավոր ինստիտուտների հետ չի համագործակցում»,-ընդգծեց նախագահ Սարգսյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է բաց դռների օր: Առաջին անգամ հանրության բոլոր շերտերի համար բաց են լինելու «Քենդլ» ինստիտուտի ռադիոֆիզիկայի, լազերային տեխնիկայի, մագնիսական չափումների, գերբարձր վակուումային տեխնիկայի, դիֆուզիոն եռակցման և զոդման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության հետազոտական լաբորատորիաները: Այցելուները կծանոթանան ինստիտուտի ստեղծման պատմությանը, ընթացիկ հետազոտական աշխատանքներին, ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am