102-րդ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Փանիկի հարակից տարածքում

Armenpress 21:32, 17 Հուլիս, 2018
ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փանիկ համայնքի ղեկավարը դիմել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու, թե ինչու է ՌԴ 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացնում համայնքի հարակից տարածքում՝ առանց զգուշացման: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը: Ըստ գյուղապետի, հուլիսի 17-ին առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Զորավարժություններն ուղեցվել են կրակոցներով, պայթյուններով: «Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժութունների անցկացման համար երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացել, մենք նախապես չենք տեղեկացվել»,-նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ինքն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել են գյուղի տարածք: Այս հարցով նախատեսված է նաև Շիրակի մարզպետի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հանդիպումը, որի ընթացքում կհստակեցվեն, թե ինչու է Փանիկի վարչական տարածքն առանց նախազգուշացման ընտրվել զորավարժությունների անցկացման վայր:Ռազմաբազայի հրամանատարությունը պաշտոնական պատասխան դեռ չի տվել համայնքի ղեկավարի բողոքին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am