Արծվիկ Մինասյանը հանդիպել է Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ

Armenpress 14:28, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպումը նախաձեռնել էր «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի /բլոկչեյն/ տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որը նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար և իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման և կիրառման գործնական փորձ ունեցող միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման առավելությունները և մի շարք երկրներում Bitfury ընկերության իրականացրած գործնական նախագծերը։ Անդրադարձ է եղել թափանցիկության հասնելու բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական առավելություններին, տվյալների անվտանգությանը, տեխնոլոգիական առանձնահատկություններին, տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am