Հայաստանը ծխախոտից զերծ պահելու ուղին բարդ է, սակայն անհրաժեշտ մեր ազգի առողջությունը պահպանելու համար. Արսեն Թորոսյան

Armenpress 11:00, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Այդ նպատակին հասնելու գործընթացը բարդ է, սակայն՝ խիստ անհրաժեշտ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա շատ կարևոր է մեր ազգի առողջությունը պահպանելու տեսանկյունից: Այսինքն՝ որքան հնարավոր է պետք է զերծ մնանք բոլոր վնասակար սովորույթներից: Երիտասարդների շրջանում այդ սովորույթը պետք է բացառել թե լուսավորչական աշխատանքով, թե խրախուսելով, որ առողջ ապրելակերպը նախընտրեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը օրեր առաջ այս թեմայի հետ կապված՝ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել: «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք, այս երկու հիվանդությունների բուժումն ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,-գրել էր նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am