Արշակունյաց պողոտայի շենքերից մեկը մասամբ փլուզվել է. քաղաքացիներ են հոսպիտալացվել

Armenpress 14:17, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝  Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) և Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի և Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ.-ինը` բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am