Զարուհի Փոստանջյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը երևանցիների խնդրանքն ու հորդորներն են

Armenpress 13:23, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու հուլիսի 16-ի արտահերթ նիստում «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը երևանցիների խնդրանքն ու հորդորներն են եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, քաղաքապետարանում Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հավաստիացրեց, որ քաղաքապետին պետք է ընտրեն երևանցիները և ոչ թե ավագանու անդամները:

«Մեր քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ ներկայացված լինելու իմ միջոցով, և իրենց խնդրանքն ու հորդորն է սա։ Այդ իսկ պատճառով ես պարտավոր եմ ներկայացնել երևանցիներին»,- նշեց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ այս պահին լուծարվող ավագանի է, և իրենք այժմ ստանձնել են պարտականություն, որպեսզի երկրում ամեն ինչ տեղի ունենա օրենքով և իրավական ընթացակարգերով:

«Այս պահին չի գործում այն իրավական ընթացակարգը, որը նախընտրելի է բոլորիս համար, այսինքն՝ այս պահին մենք չունենք այնպիսի սահմանադիր օրենքներ, որով կարող ենք ապահովել արդար, թափանցիկ և հավասար պայմաններում ընտրություններ»,- շեշտեց «Երկիր ծիրանի»-ի ղեկավարը։

Նա հավաստիացրեց, որ իրենք՝ որպես քաղաքական ուժ, մասնակցելու են բոլոր արտահերթ ընթացակարգերին: 

«Ե՛վ իրավական, և՛ քաղաքական տեսանկյունից մենք գտնվում ենք արտահերթ ընթացակարգերի մեջ, հետևաբար ամեն ինչ լուծվում է արտահերթ ընթացակարգով: Մենք բոլոր այդ ընթացակարգերին մասնակից ենք լինելու որպես քաղաքական ուժ՝ մասնավորապես ես, որպես քաղաքապետի թեկնածու»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Հուլիսի 15-ին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,- ասված էր խմբակցության հայտարարությունում։

Հուլիսի 14-ին ավագանու ԵԼՔ խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի մասնակցելու ավագանու հուլիսի 16-ի նիստին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am