Նոր քաղաքապետին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները․ ՀՀԿ-ն չի մասնակցի հուլիսի 16-ի Երևանի ավագանու նիստին

Armenpress 12:25, 15 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Ինչպես հայտնում է  «Արմենպրես»-ն, այս մասին ասվում է խմբակցության ֆեյսբուքի էջում

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,- ասված է խմբակցության հայտարարությունում։

Հուլիսի 14-ին ավագանու ԵԼՔ խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի մասնակցելու ավագանու հուլիսի 16-ի նիստին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am