Գեղամասար համայնքում անհրաժեշտություն կա աշխատանքի կատարողական կարգապահության բարձրացման

Armenpress 16:35, 14 Հուլիս, 2018

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, աշխատանքային այց կատարելով մարզի Գեղամասար համայնք, համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու եւ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ այստեղ առկա է աշխատանքային անբավարար կազմակերպվածություն եւ սեփական եկամուտների հավաքագրման ցածր մակարդակ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցության օրակարգում քննարկվող հարցերի շրջանակը սեփական եկամուտների հավաքագրման, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման, կենսական նշանակության հիմնախնդիրների կարգավորման հետ էր կապված: Մարզպետը դժգոհություն հայտնեց համայնքում կես տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներից ու ներկա անբավարար վիճակից:

«Այն տեմպերը, որ մենք ակնկալում ենք համայնքի խոշորացման արդյունքում, առայժմ չենք տեսնում: Մենք անելու ենք հնարավորը, որ դուք ստանաք ամենալայն աջակցություն: Սակայն այդ աջակցությունը չի կարող բավարար լինել, քանի դեռ այստեղ գործ ունենք անկազմակերպ եւ անարդյունավետ աշխատանքի հետ: Մեզ հետաքրքրում են համայնքի կազմում ընդգրկված 18 բնակավայրերի առօրյա հոգսերը եւ դրանց լուծման ճանապարհները, որոնց հանդեպ մենք ունենք համատեղ պատասխանատվություն: Հարցեր կան, որոնց լուծումը կապված է մեծ միջոցների հետ, բայց հարցերի այն շարքը, որը կարող էր լուծում ստանալ տեղական միջոցներով, ձեր լիազորությունների շրջանակներում, չի լուծվում անկազմակերպվածության եւ անտարբերության դրսեւորման արդյունքում: Իսկ անտարբերությունից ավելի վտանգավոր բան դժվար է պատկերացնել:

Դուք մինչ հիմա չեք ստեղծել համայնքի վարչական տվյալների շտեմարան, չեք կազմել եւ ներկայացրել համայնքի հնգամյա զարգացման ծրագիր, անասնաբույժի հաստիք չունեք, աղբահանություն չեք իրականացնում, ուշացնում եք ապառքների եւ աշխատավարձերի պարտքերի մարումը, չափազանց անբավարար եք հավաքագրում սեփական եկամուտները, պատշաճ ուշադրություն չեք դարձնում բնակչության առօրյա հոգսերին»,- Գեղամասարի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին դիմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Մարզի ղեկավարը միաժամանակ տեղի իշխանություններին առաջարկեց՝ մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը կազմել եւ մարզպետարան ներկայացնել Գեղամասար համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագիրը, իսկ մինչեւ հուլիսի 25-ը աշխատանքի նշանակել անասնաբույժների, որոնց թվաքանակը սահմանված է օրենքով: Մարզպետը նաեւ հույս հայտնեց, որ այստեղ իրավիճակը կարող է շտկվել կազմակերպված ու ջանադիր աշխատանքի եւ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում:

«Մենք այս պահից ազդարարում ենք յուրաքանչյուր խնդրին ամենայն պատասխանատվությամբ մոտենալու, իրավիճակը շտկելու մեկնարկը:Այստեղ, իրոք, անելիքները հսկայական են, իրավիճակը՝ մտահոգող: Պետք է բարձրացնեք ձեր պատասխանատվությունը, աշխատանքային կատարողական կարգապահությունը: Եթե դուք բավարար չափով չհավաքագրեք սեփական եկամուտները, ֆոնդային բյուջեում էլ անհրաժեշտ գումար չունենաք, չեք կարողանա մասնակցել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին: Իսկ այս վիճակը մենք երկար չենք հանդուրժի, եթե դուք շարունակեք նույն կերպ ու չձգտեք շտկել իրավիճակը»,-շեշտեց Իշխան Սաղաթելյանը: Գեղամասարի բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից բարձրացված հիմնահարցերի մեջ առանցքային էին Շորժա-Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի 15 կիլոմետր երկարության անբարեկարգ հատվածի հիմնանորոգման, Շատվան եւ Շատջրեք համայնքներում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրները:

Մարզպետը, պատասխանելով բարձրացված հարցերին, նշեց, որ Շորժա-Վարդենիս ճանապարհի անբարեկարգ հատվածի հիմնանորոգման հարցն արդեն ներկայացված է կառավարության քննարկմանը, իսկ Շատվանի եւ Շատջրեքի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման ապահովման ուղղությամբ արդեն մշակվել ու գործողության մեջ են դրվում կառուցողական ծրագրեր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am