Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգը նվազել է

Armenpress 15:00, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգն ինչ-որ առումով նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեհրաբյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Բրյուսելում տեղի կայացած հանդիպումները էապես բարձրացրել են հնարավոր պատերազմի սանձազերծման գինը: Ալիևի համար բրյուսելյան հանդիպումները ցույց տվեցին, թե ինչքան բարձր է այդ գինը»-ասաց Մեհրաբյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց՝ դա թույլ է տալիս բանակցային գործընթացը պահպանել գոնե մինիմալ կերպով:

«Ձեռքբերումն այն պայմանավորվածությունն էր, որ այդ հանդիպումները շարունակվելու են: Բացի այդ, ասում  են, որ հանդիպումը տևել է բավականին երկար՝ մոտ 4 ժամ: Կարելի է ենթադրել, որ  հարցերի լայն շրջանակ է քննարկվել»,-եզրափակեց Մեհրաբյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am