Անվանի հայազգի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին նվիրված մարվեց 500 հատուկ ծրար

Armenpress 17:09, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի հայազգի ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին նվիրված ծրարները հայաստանցիների՝ նրա հանդեպ ունեցած հարգանքի նվազագույն արտահայտությունն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրարների մարման արարողությունը կայացավ հուլիսի 13-ին «ՀայՓոստ»-ում՝ Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ:

Ծրարի վրա պատկերված է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը 2006-ին հայտնաբերել է Յուրի Հովհաննիսյանը: 2016-ին այն անվանվել է oganesson (Og)՝ հայ մեծ գիտնականի պատվին: Հատուկ ծրարի վրա փակցված է 2017թ-ին «ՀայՓոստ»-ի կողմից շրջանառության մեջ դրված՝ Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված նամականիշը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Սա ինձ համար իսկապես մեծ պատիվ է: Այդ նկարը կարելի է գտնել ոչ միայն փոստում, այլ նաև թերթերում, ակադեմիայում, երկրից դուրս՝ Ամերիկայում, Ֆրանսիայում: Դա տարածվել է»-ասաց Յուրի Հովհաննիսյանը:

Ծրարի մարման արարողությունը կատարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և անվանի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կարծիքով՝ ցանկացած ազգի համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ պարծենալու այնպիսի մի անհատականությամբ, ինչպիսին Յուրի Հովհաննիսյանն է: «Այսօրվա նամականիշի մարումը նրա հանդեպ ունեցած մեր հարգանքի նվազագույն արտահայտությունն է: Դրանով փորձում ենք մեծարել մարդու, ով մեծ հայտնագործություն է կատարել»,-ասաց նախարարը:

Ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար է, որը մարվում է հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Հովհաննիսյանը նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Նրա պատվին է անվանվել Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը՝ oganesson (Og): Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով անվանի ֆիզիկոսին տրվել է ՀՀ քաղաքացիություն:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am