Հանրային ռադիոն վերագործարկում է վրացերեն լուրերը

Armenpress 13:54, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունը երկու տարվա դադարից հետո կրկին վերսկսում է իր վրացական բաժնի աշխատանքները, որը միակն է Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային Ռադիոյի PR բաժնից, լուրերն այսուհետ ամեն օր հասանելի կլինեն նաև վրացերենով՝ թե տեքստային, թե ձայնային տարբերակներով: Վրացերեն լուրերը հասանելի կլինեն Հայաստանում և Հայաստանից դուրս կայքի միջոցով:

 «Վրացական ծառայություն ունենալը շատ կարևոր է բոլորիս համար»,-ասում է Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը և հավելում, որ  ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում վերսկսել վրացերեն լուրերի թողարկումները: Մարկ Գրիգորյանը փաստում  է, որ արդեն այդ խնդիրների լուծման  շեմին են և փորձել են օր առաջ գործարկել վրացական ծառայությունը:

Հանրային ռադիոյի վրացական ծառայությունը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել վրացախոս հայերի շրջանում, մասնավորապես`  Վրաստանի հայերի համար: Լրահոսն ամփոփում է հայաստանյան և միջազգային կարևոր տնտեսական, քաղաքական, մշակութային, սպորտային ու սոցիալական իրադարձությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am