Ալիևի հայտարարությունը ադրբեջանական ֆանտաստիկայի ժանրից է. Գաբրիել Բալայան

Armenpress 18:45, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում Ալիևի հայտարարություններն ընկալվում են որպես իրականությունից կտրված եւ դրանց լրջություն հաղորդելն անիմաստ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ իրենք դերակատարություն են ունեցել  Հայաստանում իշխանափոխության իրականացման հարցում, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Աշխարհում Ալիևի ասածներն ընկալում են որպես իրականությունից կտրված հայտարարություններ: Սա հերթականն է այդ շարքից։ Կարծում եմ, դրան ինչ-որ լրջություն հաղորդելը և մեկնաբանելն անիմաստ է, որովհետև եթե հիշենք, որքան շատ են ֆանտաստիկայի ժանրից հայտարարություններ արվել, սա գուցե ավելի համեստ կթվա»,- ընդգծեց Բալայանը:

Նա շեշտեց, որ այս կապակցությամբ արտգործնախարարությունն ավելի մանրամասն հայտարարություն կանի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 9-ին, կառավարության ընդլայնված նիստում ելույթ ունենալիս ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության հարցում։ Նա շեշտել է, որ իրենց վարած՝ Հայաստանի մեկուսացման ծրագիրն արդարացնում է իրեն և հետագայում ևս շարունակելու են այն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am